Загрузка...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Տարօրինակ մահ Ռուսաստանում. վարչապետի աղմկոտ հանդիպման հերոսը

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանում մահացել է տնտեսական եւ քաղաքական գործիչ Նիկիտա Իսաեւը: Նա մահացել է գնացքում, Տամբովից Մոսկվա վերադառնալիս: Նրա մամուլի քարտուղարի խոսքով, վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, սակայն չի հաջողվել փրկել: Իսաեւը 42 տարեկան էր:

Նրա անունը հայաստանցիներին ասում է թերեւս շատ քիչ բան, իսկ լայն ուշադրության առարկա դարձավ թերեւս միայն 2019 թվականի հունվարին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա իր այցի ընթացքում հանդիպել էր նաեւ Իսաեւի հետ եւ քննարկել նաեւ հայ-ռուսական հարաբերության հետ կապված հարցերի քննարկման հարթակ ստեղծելու գաղափար:

Հայաստանի վարչապետ Փաշինյանը Մոսկվա էր այցելել ԵՏՄ նախագահության ստանձնման կապակցությամբ: Փաշինյանն այդ այցի ընթացքում չհանդիպեց ՌԴ նախագահի հետ: Հանդիպում եղավ ՌԴ վարչապետի հետ:

Իսաեւի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն հրապարակվել էր Բաղրամյան 26 Տելեգրամ ալիքով: Այդ տեղեկությունը դարձավ աղմուկի պատճառ: Նիկոլ Փաշինյանի քննադատները նկատեցին, որ Իսաեւը Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ է, նաեւ ադրբեջանական լոբբիստ, աչքի է ընկել հակահայ հայտարարություններով:

Նիկիտա Իսաեւը 2016 թվականին ստեղծել է «Նոր Ռուսաստան» ազատական շարժումը: Նա քաղաքացիների քաղաքական աշխուժացման միջոցով ծրագրում էր բարձրացնել պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը: Նիկիտա Իսաեւը թեեւ ընդդիմադիր էր, սակայն համարվում էր այսպես ասած Կրեմլից կառավարվող ազատական ընդդիմություն: Մինչ «Նոր Ռուսաստան» շարժում սկսելը, նա մոտ տասը տարի աշխատել էր պետական կառավարման համակարգում:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իսաեւի հետ հետաքրքիր էր այդ համատեքստում: Առանձնահատուկ ուշադրության հանգամանք էր նաեւ այն, որ Իսաեւը համարվում էր ադրբեջանական լոբբիստ, համենայն դեպս նա արտահայտվում էր Ռուսաստանի ու ԵՏՄ հետ Ադրբեջանի առավել խոր ինտեգրացիայի օգտին: Չի բացառվում, որ հենց այդ համատեքստում էլ Իսաեւը կարող էր լինել Կրեմլի քաղաքականության մեխանիզմներից մեկը, այդ թվում Հայաստանի հետ հարցեր քննարկելու իմաստով, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ հարաբերությունը Ռուսաստանի համար մեծ հաշվով «անցնում» է Հայաստանով:

Ընդ որում, խնդիրն այն չէր, որ Հայաստանին կարող էին այդ թվում Իսաեւի միջոցով փորձել համոզել կանաչ լույս վառել Ադրբեջանի առաջ: Դա չափազանց պարզունակ էր, թեեւ որպես կանոն տեղեկատվական աղմուկը կառուցվում է հենց պարզունակ «դավադրային ահազանգերի» վրա:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ինքնիշխանության, այդ թվում հայ-ռուսական հարաբերության հիմքում միմյանց ներքին գործին չմիջամտելու եւ դաշնակցային պատասխանատվության փոխադարձության հարցերը հստակ դնելով, Երեւանը Մոսկվային նոր իրողությունների առաջ էր կանգնեցնում նաեւ Ադրբեջանի հետ հարաբերության ուղղությամբ:

Այդ տեսանկյունից, Իսաեւը թերեւս նոր իրավիճակը հասկանալու միջոց կամ դրվագ էր, ինչը կամա թե ակամա արձանագրում էր Հայաստանի դերի, ոչ թե այն չեզոքացնելու հանգամանքը:

Պաշտոնական Երեւանի հետ իսաեւյան խողովակով հաղորդակցությանբ հետագա որեւէ տեղեկատվություն չի եղել: Ըստ ամենայնի դրա անհրաժեշտությունը վերացել է Մոսկվայի հետ Երեւանի պաշտոնական մակարդակով հաղորդակցության գործընթացի հետհեղափոխական ադապտացման փուլի զարգացման, որոշակի կայունացմանը զուգահեռ:

Lragir.am

282 просмотров
{"action":"install-plugin","data":{"slug":"contact-form-7"}}
Загрузка...